Երազներ

Երբ երեխաները քնած ժամանակ ծիծաղում կամ ժպտում են, ասում են, որ նրանք իրենց հրեշտակների հետ են շփվում:
Դեռ ոչ մի մանուկ չի պատմել, թե ինչ երազ է տեսել, բայց շատերս ենք տրամադրված հավատալու այս փաստին: Երևանում ապրող Իդա տատիկն ասում է, որ երազներով երեխաները սովորում են կողմոնորշվել այս աշխարհում: Երևի այդ հավատալիքն է ստիպում երազներին մեծ նշանակություն տալ:
Չնայած քրիստոնեկան եկեղեցիների հոգևորականներն ասում են, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյամբ երազներով մարդկանց հետ խոսելու անհրաժեշտությունը կորել է, մարդիկ շարունակում են դրանց լուրջ խորհրդավորություն տալ:
Դա հետաքրքրում է ոչ միայն կենցաղային մակարդակում գուշակություններ անողներին, այլ շատ լուրջ գիտնականներին:
Կա բժշկական լուրջ գիտություն, որ կոչվում է քնաբանություն: Այն ուսումնասիրում է, ոչ միայն մարդկանց քունը, այլ նաև երազները:
Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հիմնականում պատմում են բացասական բնույթի երազներ, քանի որ դրանք իրենց ներքին հոգեբանական վերապրումներն են: Մարդիկ հիշում են միայն այն երազները, որոնք, այսպես ասած, իրականացել են, սակայն դրանք մարդու տեսած բոլոր երազների մի այն մի չնչին մասն են կազմում: Եվ ի վերջո, թե’ բժիշկները, թե’ հոգևորականները և հատկապես հոգեբանները պնդում են, որ մարդն ինքն իրեն ծրագրավորելով ենթագիտակցորեն կատարի քայլեր, որպեսզի իրականություն դառնա իր երազը:

Բժիշկ նյարդաբան – քնաբար Սամսոն Խաչատրյանն ասում է, որ պրոգնոզը գիտական բացատրություն չունի, սակայն եթե մարդ ներքուստ հավատում է, ապա նրա հետ կարող է պատահել ամեն ինչ:

Գիտնականներն ասում են, որ երազներ տեսնելիս մարդը լիցքաթափվում է, քանի որ քնի մեջ ստեղծվում են արհեստական իրավիճակներ, որի ընթացքում մարդ փորձում է լուծել արթուն ժամանակ իրեն խանգարող պրոբլեմը կամ չլուծվող խնդիրը:
Այս տեսության համաձայն, քունը ադապտացիոն //հարմարվողական// ֆունկցիա: Սա օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան վերապրելու, սովորելու փուլ է: Եթե օրվա ընթացքում մարդ մի բան է սովորում, ապա քնած ժամանակ ուղեղն այդ ինֆորմացիան վերլուծում, դասավորում է դարակներում: Եվ եթե մարդ հանգիստ է քնել ու այլ խնդիրներ ավելի շատ չեն գրավել նրա ուշադրությունը, ապա քնի ժամանակ մարդ արմատացնում է գիտելիքները:

Մարդն իր կյանքի առնվազն մեկ երրորդն անց է կացնում քնած:
Դեռ ընդամենը մի քանի տարի առաջ բժիշկները վստահ էին, որ քնի մեջ մարդիկ երազներ են տեսնում, քանի որ օրգանիզմն այդ ժամանակ հանգիստ վիճակում է: Պարզվում է, սակայն, որ քունը բնավ պասիվ վիճակ չէ…
Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ քնի ժամանակ մարդու օրգանիզմն ակտիվանում է, բոլոր օրգանները սկսում են ինտենսիվորեն փոխազդել: Բացի այդ, քնի պրոցեսը զուգորդվում է մեծ քանակությամբ էներգիայի ծախսով:

Բժիշկ նյարդաբան-քնաբան Սամսոն Խաչատրյանն ասում է, որ բժիշկ -գիտնականների համար մեծ հայտանագործություն էր այն փաստը, որ քնած մարդու բոլոր օրգաններն ակտիվանում են: Այլ կերպ ասած քունը մեկ այլ տիպի ակտիվ վիճակ է:
Փաստորեն ակտիվացմանը զուգահեռ ուղեղը սկսում է պատկերներ ստեղծել: Փորձերից շատ տվյալներ ստացվեցին, որոնք ցույց են տալիս, որ արթուն վիճակի ապրումները ուրիշ միջավայրի պատկերով արտացոլվում են որպես երազներ:

Էլեկտրադիագնոստիկ սարքերի օգնությամբ գիտնականները կարողացել են պարզել, որ քունն ունի երկու փուլ` ռեմ և ոչ ռեմ: Այդ ռեմ փուլի ժամանակ է հենց, որ մարդիկ երազներեն տեսնում: Սամսոն Խաչատրյանն ասում է, որ երազներ տեսնում են բացարձակապես բոլորը, սակայն կախված այն փաստից, թե նրանք որ փուլի ժամանակ են արթնացել, կարող են երազները հիշել կամ ոչ:

Մարդականց մի մասը վստահորեն պնդում է, որ երազները միշտ լինում են գունավոր, իսկ մյուսները` վստահեցնում է, որ սև ու սպիտակ երազներ է տեսնում: Հոգեբան Սոֆիա Վարդանյանի կարծիքով սա նորմալ բացատրություն ունի՝ կանայք գունավոր երազներ են տեսնում, տղամարդիկ սև ու սպիտակ…
Ըստ հոգեբանի կանայք գունավոր երազներ են տեսնում, քանի որ նրանք ավելի էմոցիոնալ են:
Սակայն բժիշկ Սամսոն Խաչատրյանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Նա ասում է, որ բոլոր մարդիկ տեսնում են թե գունավոր, թե երկգույն երազներ, պարզապես մարդկանց մի մասը լավ է հիշում երազները, մյուս մասը` ոչ:

Գիտական մի տեսակետի համաձայն երազը օրը վերապրելու փորձ է, սակայն սա միայն տեսություն է: Բժիշկ Սամսոն Խաչատրյանն ասում, թե հնարավոր է, որ այս տեսությունն էլ հետագայում փոփոխությունների ենթարկվի, քանի որ մինչև վերջնական պատասխաններ ստանալը, գիտությունը շատ գործ ունի անելու:
Իսկ հոգևորականների տեսակետը երկար տարիների ընթացքում լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Խնդիրը բնավ դոգմաների մեջ չէ:
Առաջին հայացքից, իսկապես, կարող է թվալ, որ բժիշկների ու հոգևորակաների տեսակետներն իրար հակասում են, սակայն` միայն առաջին հայացքից:
Բանն այն է, որ նրանք խնդիրը դիտարկում են տարբեր կողմերից: Եթե բժիշկներն ասում են, որ մարդու գլխուղեղում կան երազների համար պատասխանատու կենտոններ, բնավ չի նշանակում, որ նրանք ժխտում են, որ այդ կենտրոնները ստեղծվել են Աստված –մարդ կապն ապահովելու համար: Ճիշտ այնպես, ինչպես հեռախոսն է ապահովում երկու և ավելի մարդկանց կապը: Եթե տարիներ հետո հեռախոսի կարիքը մարդն այլևս չունենա, չի նշանակում, որ մեր օրերում այն հենց այնպես է ստեղծվել: Չնայած, ըստ բժիշկների, քնել ու երազներ տեսնելը չափազանց կարևոր դեր ունեն մարդու ֆիզիոլոգիայում:

Եթե բժիշկները փորձում են ամեն ինչ ֆիզոլոգիայի օրենքների վերածել և այդ կողմից դիտարկել երևույթը, հոգեբաններն ամեն ինչ բացատրում են հո•եբանությամբ:
19-20-րդ դարերում հոգեբան Ֆրոյդի տեսությունը համարվում էր ամենահիմնավորը: Ֆրոյդը փորձում էր երազները բացատրել հոգեվերլուծության մեթոդով: Նա ասում էր, որ մարդու ցանկություններով, բնազդներով ու հոգեվիճակով են պայմանավորված երազները: Վերլուծելով երազները` նա եզրակացություններ էր անում մարդու հոգեկանի վերաբերյալ:
Կարճ ասած` քնի ու երազների մասին դեռ բացահայտումներ շատ են լինելու…
Կքնենք, կտեսնենք…

Оставьте комментарий