Ապրում են մատուռում

Երևանում մի տուն կա, որ բնակիչների համար թեև իրենց տունը ոչնչով չի տարբերվում ուրիշ բնակարաններից, սակայն մեզ համար այն գոնե տարօրինակ է:
Մարդիկ վստահեցնում են, որ իրենք մատուռում են ապրում:
Փոքրիկ, աննշան, անխնամ մի տուն է Ազիզի տունը: Նա այստեղ է ապրում մոտ երեսուն տարի: Բաղրամյան, Դեմիրճյան ու Պռոշյան փողոցների միջև ընկած բնակելի թաղամասում է գտնվում: Այստեղ տներն իրար շատ կիպ են, մոտիկ, տեղ-տեղ մի պատը երկու տների համար նույնն է:
Ազիզի տունը վաղուց չի վերանորոգվել: Նրանք ապրում են սովորականի նման: Պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց մարդիկ հարմարվել են. շատերի նման առավոտյան արթնանում են, ու ամեն մեկը զբաղվում է իր գործով` հարսը տներն է հավաքում կարգի բերում, թոռները դպրոց են գնում կամ էլ բակում վազվզում ու խաղում են, որդին գնում է աշխատանքի, իսկ ինքը` Ազիզը հետևում է, որ տանն ու բակում ամեն ինչ սարքին լինի, ջրում է տան առաջի շատ փոքրիկ այգին` մի երկու ծառն ու թփերը: Ու ապրում են շատ ուրիշ պապիկների ու թոռների, որդիների ու հարսների պես:
Ազիզի թոռնուհին` Անին, ասում է, որ երբեք որևէ տարօրինակ բան չի զացել, չնայաց փոքրուց գիտի, որ իրենց տունը սովորական անվանել չի կարելի: Տարօրինակ երազներն ու զգացողությունները երբեք չեն հետապնդել իրենց ընտանիքի անդամներին:
Միայն Ազիզի հարսը` Նառան, ասում է, որ ձեռքը չի գնում, որ տան պատերից հանեի մի քանի փոքրիկ սրբապատկերները, որոնք կախել էր սկեսուրը:
Իսկ տանտերը` Մկրտչյան Ազիզը, պատմում է, թե ինչպես է յոթանասունականների սկզբին իր ընտանիքը տեղափոխել Թալինից: Պատմում է, որ տանիք •տնելը չափազանց անհրաժեշտ էր ու այդ տարիներին` բավականին դժվար: Ու երբ Կոզեռնի թաղամասում գտել է հաստ պատերով այդ կառույցը, առանց երկար մտածելու գնել է: Կարճ ժամանակում բավականին փոփոխություններ է արել` քանդել է արևելյան պատը, դրա առաջ մի սենյակ ավելացրել, փակել է արևմտյան կողմի դուռն ու լուսամուտները: Նա պատմում է նաև, որ բավականին դժվար է եղել պատերը քանդել, քանի որ դրանք բավականին հաստ են ու չափազանց ամուր, ինչպես միջնադարից մեջ հասած պաշտամունքային ամեն մի կառույց:
Դեռ մի քանի տասնամյակ առաջ այս տարածքում գերեզմանոց է եղել` Երևանի ամենամեծ ու ամենահին գերեզմանոցը: Այստեղ անգամ քարեդարյան շիրիմներ են եղել: Ազգային Ժողովի շենքն էլ կառուցվել է այդ գերեզմանոցին պատկանող տարածքի վրա: Բնակելի թաղաղամասում ապրողներից շատերն են պատմում, որ տուն կամ որևէ բան կառուցելու համար հողը փորելուց մարդկային ոսկորներ, գերեզմաններ են գտել:
Գերեզմանոցի բարձունքում եղել է միջնադարյան մի մատուռ: Մատուռը ճարտարապետական լուրջ նշանակություն չունի. այն պարզ կառույց է եղել, նրա կարևորությունն այնտեղ հանգչող մարդկանց հիշատակն է, նրանց թողած ավանդը:
Պատմագիրները վկայում են 11-րդ դարում Կոզեռն վարդապետի շիրիմի վրա այստեղ կառուցվել է մատուռն ու նրա անունով էլ կոչվել: Հետագայում նույն անունն է ստացել ամբողջ գերեզմանոցը: Իսկ հիմա շատերն այդպես են անվանում նույն տեղում գտնվող բնակելի թաղամասը:
Այստեղ են թաղվել հայոց 101-րդ հայրապետ սուրբ Մովսես Տաթևացին ու Մելքիսեթ Վժանեցի վարդապետը:
Երեքն էլ իրենց ժամանակների աշխարհահռչակ գիտնական-հոգևորականներ են եղել, որոնց կարծիքի հետ հաշվի են նստել անգամ կայսրերը:

Երեք տարի առաջ, երբ հետաքրքրվում էինք մատուռի պատմությամբ, բոլոր պետական մարմիններում հավաստիացնում էին, որ այն վաղուց քանդված է: Հնագիտության և ազգագրության ինստիտուտում անգամ վստահեցնում էին, որ մատուռը եղել է Ազգային ժողովի շենքի տեղում, որ վաղուց քանդվել է: Մի հնագետ անգամ վստահեցնում էր, թե ինչ-որ գրքում տեսել է մատուռի քանդման լուսանկարը: Ցավոք նա չկարողացավ հիշել, թե որ գրքում է տեսել:
Խորհրդային իշխանությունը 1930-ականներին գերեզմանոցը տեղափոխելու մասին որոշում էր ընդունել: Որոշումն իրականացնելուց առաջ 1934թ մի խումբ հնագետների հանձնարարվել է ուսումնասիրել գերեզմանոցը: Նրանց ուսումնասիրությանն է արժանացել նաև մատուռը, որ գտնվում էր գերեզմանոցի բարձունքում:
Մատուռը հիմա ոչ դրսից է երեւում, ոչ էլ ներսից: Կամ մասնագիտական աչք է պետք այն նկատելու համար, կամ էլ պետք է ինչ-որ մեկը ցույց տա:

Հուշարձանների հաշվառման կենտրոնում էլ էին պնդում, որ Կոզեռնի մատուռը քանդվել է, սակայն իրենց մասնագետ` հնա•ետ Էմիլ Այվազյանին խնդրեցին մատուռի հնարավոր տեղում դիտարկումներ անել:
Ազիզի տունը ներսից ու դրսից նայելուց ու տանտիրոջ հետ զրուցելուց հետո նա այնուամենայնիվ հրաժարվեց երաշխավորել, որ սա հենց այն կոթողն է, որի մասին խոսվում է:
Էմիլ Այվազյան. – Չնայած որ կառույցի ձևը հուշում է, որ սա պետք է որ պաշտամունքային կառույց եղած լինի, միանշանակ հնարավոր չէ ասել, թե ինչ կառույց է սա, բայց հիմնավոր բան է: Գուցե մառան է եղել: Անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն կատարել. պետք է քանդել հարակից կառույցները, բացել արևելյան ու արեւմտյան պատերը, հատակը, տանիքը, հետո նոր կարծիք ասել:

Թե գերեզմանոցի բարձունքում ինչի համար պետք է մառան կամ այլ բան կառուցվեր, դժվար է ասել, սակայն կառույցն ուսումնասիրելը իրապես մեծ գումարների խնդիր է: Մատուռի ամբողջական տեսքը բացելու համար մի քանի մեծ ընտանիքների պիտի այլ բնակարանով ապահովել:
Երեք տարի առաջ Կոզեռնի մատուռի մասին փաստաթղթեր փնտրելն անիմաստ եղավ, որովհետև այն իրավաբանորեն ոչ մի տեղ գոյություն չուներ: Հուշարձանների պահպանության գործակալության ցուցակում այն հաշվառված չէր: Դա նշանակում էր, որ պետության կողմից չէր պահպանվում:
Միայն 2003թ մասնագետները սկսեցին լուրջ հետաքրքրվել մատուռով: Հուշարձանների պահպանության գործակալության Երևանի ծառայության պետ Կարո Այվազյանի խոսքով մատուռը շուտով կընդգրկվի պետության կողմից պահպանվող հուշարձանների նոր ցուցակում:
Իսկ մինչ մասնա•ետները սկսել են հետաքրքրվել հուշարձանի ճակատագրով, Ազիզն իր ընտանիքի հետ շարունակում է ապրել անհարմար պայմաններում: Իսկ մատուռի պատմություն իմացողն այնտեղ մտնելիս ուզում է մոմ վառել, խունկ ծխել: